Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել

15.10.2021, 13:12
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։00-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող դեղատներից մեկը և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ-ին նկատմամբ կատարել ավազակային հարձակում։ Վերջինս դանակի սպառնալիքով դեղագետից պահանջել է, որպեսզի դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։

Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։ 

Մինչ քննիչներն ու ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, ժամը 20։00-ի սահմաններում հերթական ահազանգն է ստացվել՝ այս անգամ 60-ամյա Մարինե Գ-ից, ով հայտնել է, որ բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող դեղատներից մեկը, որտեղ դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–