Արարատում կատարված ահասարսուռ սպանության հետքերով. տղամարդուն ծեծելով սպանել են, դիակը արկղի մեջ դրած տեղափոխել դաշտամիջյան ճանապարհի վրա

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը բացահայտել է Արարատի մարզում կատարված ահասարսուռ սպանությունը։
Նշենք, որ 58-ամյա տղամարդուն ծեծելով սպանել էին, դիակը տեղափոխել ու թողել դաշտամիջյան ճանապարհին։
Հունվարի 8-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները փայտե արկղում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ բռնության հետքերով:
Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ նույն օրը, սպանություն կատարելու կասկածանքով, Արարատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս։ Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 19.30-ին, բերման ենթարկվածները կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Վեդի քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդու հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել նրան։ Արդյունքում տղամարդը մահացել է: Հունվարի 7-ին էլ դիակը փայտե արկղի մեջ մեքենայով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Վեդիի գոմերի մոտ: Չորս անձ ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–