Արարատի մարզում դաժան սպանության հետքերով․ դեպքի վայրում՝ գետնին, ավտոտնակի դարպասներին եղել են բազմաթիվ արնանման հետքեր (ՖՈՏՈ)

30.08.2024, 14:42
Վեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ․ ՖՈՏՈ
Արարատի մարզում դաժան սպանության հետքերով․ դեպքի վայրում՝ գետնին, ավտոտնակի դարպասներին եղել են բազմաթիվ արնանման հետքեր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թվականի օգոստոսի 30-ին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ, 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածը։ 

Դեպքի վայրի զննությամբ նշված հատվածում` գետնին ու ավտոտնակի դարպասներին, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ, ինչպես նաև գետնին հայտնաբերվել են սև գույնի գլխարկ և այլ իրեր, որոնք վերցվել և փաթեթավորվել են: 

Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել ու վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր: 

Վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև՝ դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։

Այդ, ինչպես նաև նախաքննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

убийство, СК