ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:50-ի սահմաններում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը «կատատրավմայից հետո, պոլիտրավմա, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքներ, թոքերի սալջարդ, պնևմոթորաքս, զույգ կրունկոսկրերի կոտրվածք տեղաշարժով, աջ սրունքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 13-ամյա սան է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտեմ Միկոյան փողոցում գործող «Անանիա Շիրակացի» ճեմարանից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել է նույն ճեմարանի սաներից մեկի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել են այնտեղ տեղադրված տեսախցիկները, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված սանն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։
Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և երեխայից հետաքրքրվել է կատարվածից։ Ինչին ի պատասխան՝ երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, ինքը կորցրել է իր գլխարկը և այն փնտրելու համար է գնացել այնտեղ։
Խոսակցությունից րոպեներ անց երեխան ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև, որին ականատես են եղել ճեմարանի 2 սաներ։ Այդ 2 սաների, որոնք աղջիկներ են, հայտնած տեղեկությունները ճշտվում են։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում