9 անձ սննդային թունավորմամբ ԲԿ է դիմել․ նրանք կերել են լահմաջո և պոնչիկ

10.10.2025, 17:19
Նրանք կերել են հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը
9 անձ սննդային թունավորմամբ ԲԿ է դիմել․ նրանք կերել են լահմաջո և պոնչիկ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում: 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ: 

Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության: 

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ: