9–ամյա դստերը, ծեծելով, մազերից քաշելով դպրոցից բերել է տուն, հանել հագուստը, պահել ցուրտ և մութ խորդանոցում․ մոր վերաբերյալ քրգործը դատարանում է
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:
Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
2024 թվականի դեկտեմբերի 12-ին դատախազը հաստատել է Ա.Փ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում:
Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ.-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: