5 ատրճանակ, 160 փամփուշտ, «Կալաշնիկով»․ 44–ամյա տղամարդու տանը, ամառանոցում և մեքենաներում մեծ քանակի զենք–զինամթերք է հայտնաբերվել. ՄԱՆՐԱՄԱՍՆեՐ (ՎԻԴԵՈ)

16.10.2025, 14:17
Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք․ ՎԻԴԵՈ
5 ատրճանակ, 160 փամփուշտ, «Կալաշնիկով»․ 44–ամյա տղամարդու տանը, ամառանոցում և մեքենաներում մեծ քանակի զենք–զինամթերք է հայտնաբերվել. ՄԱՆՐԱՄԱՍՆեՐ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: