43-ամյա կինն ու 28-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել. նրանք ձերբակալվել են
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. Նոյեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բացահայտել են կեղծ դրամների իրացման դեպք․ օպերատիվ տեղեկություններով՝ 43-ամյա գյումրեցի մի կին և Նոր Խարբերդի 28-ամյա մի երիտասարդ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վայոց Ձորի Արենի և Արարատի մարզի Սուրենավան գյուղերի առևտրի կետեր ու իրացրել կեղծ թղթադրամներ։
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը, ժամը 21.10-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կիլոմետրին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են բաժին:
Խուզարկությամբ երիտասարդի մոտ գտնվող պայուսակում հայտնաբերվել են երեք հատ երկու հազար, վեց հատ հինգ հազար, երեք հատ 10 հազար, 36 հատ 20 հազար, 10 հատ 50 հազար և 10 հատ 100 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Երիտասարդը հայտնել է, որ թղթադրամները ձեռք են բերել օնլայն խանութից:
Ըստ նրա` ինքը Սուրենավանի լիցքավորման կայանում վճարել է կեղծ 20-հազարանոց և ստացել 18 հազար դրամի մանր, Արենիի մի տաղավարում գնումների դիմաց վճարել է կեղծ 20-հազարանոց և դարձյալ ստացել 18 հազար դրամի մանր, իսկ մեկ այլ տաղավարում վճարած կեղծ 20-հազարանոցի դիմաց` 12 հազար դրամի մանր:
Կնոջ խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ: Տղամարդն ու կինը, առգրավված կեղծ թղթադրամներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են:

