43–ամյա տղամարդը դպրոցի հարակից տարածքում կրակահերթ է արձակել 59–ամյա տղամարդու վարած Օպելի ուղղությամբ․ վերջինս մահացել է

13.06.2024, 13:56
Տղամարդը դպրոցի հարակից տարածքում կրակահերթ է արձակել Օպելի ուղղությամբ․ 59–ամյա տղամարդը մահացել է
43–ամյա տղամարդը դպրոցի հարակից տարածքում կրակահերթ է արձակել 59–ամյա տղամարդու վարած Օպելի ուղղությամբ․ վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Ամբերդ գյուղի դպրոցի հարակից տարածքում նույն գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու վարած «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ: Պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով էլ 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Հետագա միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: