39–ամյա տղամարդը ձերբակալվել է 37–րդ բնակարանը թալանելու պահին (ՎԻԴԵՈ)

03.04.2025, 14:29
39–ամյա երևանցին ձերբակալվել է 37–րդ բնակարանը թալանելու պահին․ ՎԻԴԵՈ
39–ամյա տղամարդը ձերբակալվել է 37–րդ բնակարանը թալանելու պահին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ: Մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն:

Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն՝ կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։

Օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է բնակարանային գողություն կատարող տղամարդուն։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային վարչություն։

Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանել է, որ մայրաքաղաքում և տարբեր մարզերում կատարել է ևս 36 բնակարանային գողություն։

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին:

«Հանցագործութունների բացահայտման ուղղությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։

Ոստիկանությունը հորդորում է` հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: