37–ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 4 կգ մարիխուանա և կանեփի 10 բույս (ՎԻԴԵՈ)
15:41
12 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում:
Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից հայտնաբերվեց մոտ 4 կգ մարիխուանա թմրամիջոց և կանեփի 10 բույս:
Ըստ տանտիրոջ` հայտնաբերված մարիխուանան ինքն է ցանել և մշակել` իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–