3 քաղաքացի ուշագնաց ընկած են. Երևանում օրը ցերեկով սպանություն է տեղի ունեցել

07.01.2023, 09:43
3 քաղաքացի ուշագնաց ընկած են. Երևանում օրը ցերեկով սպանություն է տեղի ունեցել, կան վիրավորներ
3 քաղաքացի ուշագնաց ընկած են. Երևանում օրը ցերեկով սպանություն է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։

Պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։

Երևանի գնդի պարեկները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ նշված միջադեպի հետ կապված՝ ևս 1 հոգի տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց։ Նրա ինքնությունը նույնպես պարզվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-