26–ամյա երևանցու բնակարանում հայտնաբերվել է 164 փաթեթ մարիխուանա (ՎԻԴԵՈ)
15:42
08 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալել են 26-ամյա մի երևանցու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Իրավապահների տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 30 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 30 գրամ մարիխուանայով։
Ըստ նրա՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու համար։
Երիտասարդի տան խուզարկությամբ հայտնաբերվել են 164 փաթեթ մարիխուանա՝ 300 գրամից ավելի ընդհանուր քաշով։ Նա իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած 5 փաթեթ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–