20կգ-անոց գազի բալոն է պայթել, կա տուժած (ՖՈՏՈ)
27.04.2023,
09:41
73-ամյա տուժածի վիճակը ծանր է. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 26-ին, ժամը 17։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն․ կա տուժած, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի, ավտոտնակի պատերից՝ մոտ 35 քմ և բետոնե ծածկից՝ մոտ 25 քմ․ առկա է խոհանոցի տանիքի փլուզման վտանգ։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները իրականացրել են խոհանոցի տանիքի ամրացման աշխատանքներ։-0-



