20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)

17.09.2019, 18:32
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել է 20-ամյա իր որդուն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նրա տղան սեպտեմբերի 11-ին տնից դուրս էր եկել և չէր վերադարձել, իսկ ավելի ուշ զանգահարել էին մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ երիտասարդին ազատությունից զրկած անձն ամենայն հավանականությամբ Գառնի գյուղի 27-ամյա բնակիչ է:

Որոնողական աշխատանքները շարունակվել են: Սեպտեմբերի 14-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ կասկածվողը «Մերսեդես» մակնիշի մեքենայով գտնվում է Եղեգնաձորում:

Բացահայտման աշխատանքներին միացել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, որոնք նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողին եղեգնաձորցի 35-ամյա ընկերոջ հետ հայտնաբերել են Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում և, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկել:

«Հանգամանքները պարզվում են:Բերման ենթարկված անձինք ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչուրթյան հաղորդագրության մեջ:–0–