13–ամյա աշակերտ է ընկել Ջրվեժի դպրոցի 3–րդ հարկից
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք Կոտայքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
Ըստ օպերատիվ տվյալների՝ հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, ով 3-րդ հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանից ընկել է:
Մինչ շտապ օգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային, ապա տեղափոխել հիվանդանոց:
Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

