Ընտանի կենդանիների հողամաս մտնելու պատճառով վիճել են, տղամարդը կացնով վնասել է մեքենան (ՎԻԴԵՈ)

25.10.2024, 18:18
Կենդանիները մտել են հարևանի հողամաս, վերջինս կացնով կոտրել է կենդանիների տիրոջ մեքենան. ՎԻԴԵՈ
Ընտանի կենդանիների հողամաս մտնելու պատճառով վիճել են, տղամարդը կացնով վնասել է մեքենան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացինով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ «ոմն մեկը» նույն փողոցում` հարևանությամբ հողամաս ունի, իսկ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ ծագած վեճի թեման ընտանի կենդանիների հողամաս մտնելն էր:

Աշտարակի համայնքային ոստիկանները մեքենան վնասողին հայտնաբերել են իր բնակության վայրում: 36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:
Ըստ տուժողի` պատճառված վնասը 600 հազար դրամի է:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: