Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զոհերից մեկը ժամկետային զինծառայող է
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 04:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ Նիզանի-Սայաթ Նովա գյուղերի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, այնուհետև շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով Արբաթ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Արսեն Հովսեփյանը և 23-ամյա Սարգիս Բադալյանը տեղում մահացել են, իսկ 21-ամյա Լևոն Հովսեփյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Վիրավորին օգնության են հասել քաղաքացիները և հենց վերջիններս էլ նրան տեղափոխել են հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենայից դուրս հայտնաբերված դիերը պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենան:
Կայքի հաղորդմամբ` դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ մահացածներից Սարգիս Բադալյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող և 1 օր էր, որպես օրինապահ ծառայող, օրինականորեն գտնվում էր արձակուրդում:
Իսկ Արսեն և Լևոն Հովսեփյանները հարազատ եղբայրներ են:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:–0–

