ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ագարակ» անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ են կանխել։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, հուլիսի 14-ին Հայաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ, որի ղեկին եղել է Իրանի քաղաքացի, սահմանապահները շան օգնությամբ հայտնաբերել են սպիտակ գույնի բյուրեղանման նյութ, ենթադրաբար՝ «մեթամֆետամին»:
Արգելված նյութերը թաքնված էին մեքենայի խցիկում` ուղևորի նստատեղի տակ:
Նշված անձը և հայտնաբերված նյութը սահմանված կարգով փոխանցվել են ՀՀ իրավապահ մարմիններին` փորձաքննություն անցկացնելու և միջադեպի բոլոր հանգամանքները բացահայտելու համար:-0-