Կոտայքում տանը հայտնաբերվել է մահացած աղջկա դի, կան նաև վիրավորներ

16.10.2024, 12:27
Կոտայքում տներից մեկում հայտնաբերվել է մահացած աղջկա դի, վիրավորներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացրել են
Կոտայքում տանը հայտնաբերվել է մահացած աղջկա դի, կան նաև վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և վիրավորներ կան:  

Ոստիկաններն ու պարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ վիրավորներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նրանց:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում Ս. Բաբախանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տարածքային վթարային ծառայության աշխատակիցները, քանի որ վարկածներից մեկով, հնարավոր է, շմոլ գազի արտահոսք եղած լինի, սակայն երբ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանել են, տանը գազի հոտ չի զգացվել:  

Տեղի ունեցածը շմոլ գազի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։