Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Hyundai Elantra–ն բախվե է երկաթե արգելապատնեշներին, երկու երիտասարդ հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել, բախվել աջ գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Փրկարարները վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են:
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներն են Երևանի բնակիչ 23-ամյա Ա․Թ–ն և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գ․Ն–ն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել վարորդը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

