Հրապարակվել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա կատարված հարձակման մանրամասները, կա ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակումից։
Գերատեսչության հաղորդմամբ, օգոստոսի 28-ին ժամը 23.00-ին 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:
Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ: Հ.Ռիժենկոն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (ավազակություն), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Մեկ անձ ձերբակալվել է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 20 պարկուճ, մեկ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով։ Նախնական տվյալներով՝ նշված ինքնաձիգը եղել է վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտ։