ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ՀՀ քաղաքացու մահվան մանրամասները։ Նրա մարմնի մասերը հայտնաբերվել են թռիչքուղու վրա, հաղորդում է Ինտերֆաքսը։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, 25–ամյա տղամարդու անունն է Ալբերտ Եփրեմյան։ Նրան արտաքսել էին Մադրիդից։ Եփրեմյանը պետք է Մոսկվայով գար Հայաստան։
Իսպանիայից Մոսկվա չվերթի ժամանակ տղամարդն իրեն վատ է պահել օդանավում։
«Տղամարդն իրեն ոչ ադեկվատ է դրսևորել։ Ստիպված ենք եղել կանչել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Մոսկվայում օդանավից դուրս գալուց հետո տղամարդու ճակատագիրն անհայտ է, Ռուսաստանի սահմանը նա չի հատել», – նշել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախօրեին երեկոյան Մոսկվա–Աթենք չվերթի անձնակազմն օդ բարձրանալուց հետո դիսպետչերներին հայտնել է, որ օդ բարձրանալիս թռիչքուղու վրա ինչ–որ բանի հետ է բախվել, հնարավոր է` կենդանու։ Որոշում է կայացվել չվերադարձնել օդանավը, քանի որ, ըստ օդանավի համակարգերի, վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Դրանից հետո թռիչքուղու ստուգման ժամանակ հայտնաբերվել են Եփրեմյանի մարմնի մասերը։ Նախնական տվյալներով, նա փախել է դեպի Երևան չվերթն իրականացնող օդանավին մոտեցող ավտոբուսից։
ՌԴ ՔԿ–ն պարզում է միջադեպի հանգամանքները, տեղում աշխատում են քննիչներն ու քրեագետները։–0–