Եվս մեկ քրեական գործ՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհից հափշտակության առթիվ

17.02.2016, 20:29
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ  առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Եվս մեկ քրեական գործ՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհից  հափշտակության առթիվ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ  առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, հայտնում է «Փաստինֆոն»:
 
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում ենք, որ նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 2012թ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով մշակվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիրը և ներկայացվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ, որն իրականացնելու համար  ստացել են դրամաշնորհ, որից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
 
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Եվրոպական միության պատվիրակությանը որպես տուժող ճանաչելու մասին, հարցաքննվել են մի շարք վկաներ:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:
 
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։-0-