Երևանում կառուցվող էլիտար շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

06.12.2024, 21:09
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում

Երևանում կառուցվող էլիտար շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։

Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։

Այդ մասին դեպքի վայրում նշում էին մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։