Դաժան սպանություն Գյումրիում. երիտասարդի վրա հայտնաբերվել են սուր–կտրող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներ

18.05.2017, 11:09
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։
Դաժան սպանություն Գյումրիում. երիտասարդի վրա հայտնաբերվել են  սուր–կտրող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներ
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ տևական ժամանակ է` Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, հաղորդում է shamshyan.com–ը։

Փրկարարները, ոստիկանների և ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, բնակարանում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանն է:

Կայքի հաղորդմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր: Բնակարանն ամբողջովին տակնուվրա է արված եղել, իսկ սպանվածը տանը եղել է միայնակ։ Նրա քույրն ու մայրը եղել են Երևանում:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:–0–