Անելիք բանկի իրավաբանի սպանության մեջ կասկածվող անձն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

25.11.2015, 23:55
Անելիք բանկի իրավաբանական վարչության պետի սպանության մեջ կասկածվող անձն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Անելիք բանկի իրավաբանի սպանության մեջ կասկածվող անձն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անելիք բանկի իրավաբանական վարչության պետի` 32–ամյա Հովհաննես Աթանյանի սպանության մեջ կասկածվող անձն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, հաղորդվում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կայքում։

Կայքի տեղեկացմամբ` 54–ամյա Մկրտիչ Պողոսյանը, ով հետախուզման մեջ էր նախօրեին երեկոյան Երևանի կենտրոնում կատարված սպանության կասկածանքով, ցանկանում էր հեռանալ երկրից, սակայն իմացել է, որ հանրապետությունից դուրս եկող բոլոր անցակետերը վերցված են ոստիկանության ուժեղացված հսկողության տակ և տեղեկություններ է ունեցել, որ ոստիկանությունն արդեն իր հետքի վրա է ու որոշել է ինքնակամ ներկայանալ։

Ձերբակալվածն արդեն ցուցմունքներ է տալիս։

ՀՀ ոստիկանությունն ուժեղացրել է պարեկությունը Անելիք բանկի աշխատակցի սպանության կապակցությամբ>>

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, երեքշաբթի ժամը 20։40–ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդանանց 14 հասցեում կրակոց է լսվել, և տղամարդու դի է հայտնաբերվել։

Պարզվել է, որ Վարդանանց 14–ի շենքի հարևանությամբ գնդակահարվել է Երևանի 32–ամյա բնակիչ Հովհաննես Աթանյանը, ով զբաղեցնում էր Անելիք բանկի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։

ՔԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, տվյալ փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում հարուցվել է քրեական գործ ՔԿ 104–րդ հոդվածի առաջին մասով (սպանություն)։–0–