Արտակարգ դեպք Երևանում. 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի է հոսպիտալացվել

09.09.2018, 15:15
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Արտակարգ դեպք Երևանում. 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել (որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը (գլխի վնասվածք) ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը (որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր) ախտորոշմամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փոոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:-0-