ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արագածոտնում այսօր առավոտյան 20–ամյա կին է անհետացել։
Վաղ առավոտից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների հետ միասին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում որոնում են նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։
Shamshyan.com կայքի հաղորդմամբ, առավոտյան Հրանուշը նկատել է, որ արջը հերթական անգամ «այցելել է» գյուղ, որից հետո անհետացել է։ Քիչ հետո աղջինը նույնպես անհետացել է։
Կայքի հաղորդմամբ, գյուղացիներն ունեն կասկածներ, որ աղջկան արջն է տարել, սակայն ոստիկանության Ապարանի բաժնի պետն էլ օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Հ Եղիազարյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Tert.am–ն իր հերթին, հղում անելով Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանին, նշել է, որ գյուղում կնոջ անհետացման տարբեր վարկածներ են շրջանառվում, այդ թվում նաև այն, որ երիտասարդ կինը գնացել է ինչ-որ տղամարդու հետ:
Ըստ գյուղապետի՝ կինն ամուսնացած է, ունի 1.5 տարեկան երեխա, ամուսինը Աֆղանստանում ծառայության մեջ է` որպես խաղաղարար:–0–