Արարատի մարզում երիտասարդը փող ու ոսկի է պահանջել կնոջից` սպառնալով «գցել» նրա պատիվը գյուղում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 5-ի առավոտյան Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկյա զարդ է տվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառաությունը:
«Օրեր անց երիտասարդը նրանից կրկին փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով։ Կինը նրան կրկին փող ու ոսկի է տվել՝ ընդհանուր 310․000 դրամի։ Օգոստոսի 4-ին երիտասարդը դարձյալ փող ու ոսկի է ուզել», - հայտնում են ոստիկանությունից:
Հաղորդումն ընդունելուց հետո ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով, որ երիտասարդը ապրում է Արարատի մարզի Արմաշ գյուղում և 29 տարեկան է։ Պարզեցին նաև, որ նա կնոջը ներկայացել է այլ անվամբ, իսկ ոսկին և փողը վերցրել է ոչ թե անձամբ, այլ տաքսու վարորդի միջոցով:
«Նույն օպերատիվությամբ Արարատի ոստիկանները երկուսին էլ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդը տվել է խստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։-0-

