Անչափահասի դանակահարություն Շիրակում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականի նոյեմբերի 12-ին Գյումրու «Ավստրիական» հիվանդանոց բուժօգնության է դիմել Շիրակի մարզի անչափահաս մի բնակիչ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Անչափահաս քաղաքացու մոտ ախտորոշվել է որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակված-կտրած չթափանցող վերք` արնահոսություն, հեմատոմա վնասվածքով։
Հիվանդանոցի դատական դեպքերի մատյանի զննությամբ պարզվել է, որ անչափահասը հայտարարել է, թե դաշտում կաղամբ հավաքելիս ընկել է և ձեռքի դանակով վնասվել։
«Մինչդեռ անչափահաս տղայի հայրը գրավոր հաղորդում է տվել, որ տղային դանակով հարվածել ու մարմնական վնասվածք է պատճառել իրենց համագյուղացի մի տղա, ով ևս անչափահաս է և նրա ինքնությունը պարզվել է», – նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության` տուժած անչափահասը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և, ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէ բացատրություն տալ:
«Վերցվել են դեպքի պահին երկու անչափահասների հագին եղած հագուստները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարական։–0–

