Տղամարդը աղջկա վստահությունը շահելու համար ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից և խոշոր գումար հափշտակել

17.04.2017, 19:50
Տղամարդը, սոցիալական ցանցում աղջկա հետ ծանոթանալիս ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, ապա խոշոր չափի գումար է հափշտակել:
Տղամարդը աղջկա վստահությունը շահելու համար ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից և խոշոր գումար հափշտակել
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Տղամարդը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, խոշոր չափի գումար է հափշտակել:

Pastinfo.am կայքի հաղորդմամբ, հանցագործը հափշտակության ծրագիրը կյանքի է կոչել նախ սկսելով Արարատի մարզի բնակչուհու հետ ծանոթությունից, ապա, վստահություն ներշնչելու համար, ներկայացել է որպես ԱԱԾ 7-րդ վարչության պետ:

Տղամարդը աղջկա հետ ծանոթացել է իբրև թե նրա հետ ամուսնանալու նպատակով, սակայն իրականում ամուսնացած է եղել:

Կայքի հաղորդմամբ, 2015թվականի հունիսից մինչև նույն թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, տղամարդը, մոր համար անհրաժեշտ դեղահաբեր գնելու պատրվակով, սոցիալական ցանցով ծանոթացած աղջկանից մի քանի անգամ տարբեր չափերով գումար է հափշտակել՝ ընդհանուր առմամբ գումարը 130.000 ՀՀ դրամ է կազմել:

«Սակայն այսքանով տղամարդը չի բավարարվել և երբ տեղեկացել է, որ աղջկա մորաքրոջ դստեր տանը կա հնամաշ արժեքավոր կտավ, առաջարկել է այդ կտավը վաճառել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ մեղադրանքի՝ տղամարդը ընկերուհու հետ գնացել է այդ կտավը տեսնելու և, քանի որ կտավի վրա որոշ գունաթափված հատվածներ են եղել, դրանք վերանորոգելու և հետագայում վաճառելու, ապա գումարը վերադարձնելու պատրվակով, աղջկա վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է 300. 000 ՀՀ դրամ արժողությամբ կտավը:

Պարբերականը նշում է, որ կտավը հափշտակելուց հետո էլ խզել է կապերը սոցցանցի միջոցով ծանոթացած աղջկա հետ և մոռացել է ամուսնության մասին խոստումը՝ ընդհանուր առմամբ խարդախությամբ աղջկանից հափշտակելով զգալի չափերի հասնող՝ 430.000 ՀՀ դրամի գույք:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: -0-