ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող «Պալիգոն» կոչվող թաղամասի արհեստական ջրամբարում երիտասարդ տղա է ջրահեղձ եղել:
Կայքի հաղորդմամբ` ջրահեղձ եղած քաղաքացին Արթիկ քաղաքի բնակիչ, 20-ամյա Էդգար Չախլյանն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում և վաղը պետք է զորացրվեր տուն:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների՝ նյութերը փոխանցվելու են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:
Կայքի հաղորդմամբ` երիտասարդը ջրահեղձ է եղել լողալու ժամանակ:
«Նշված հատվածում սա 4-րդ դեպքն է 2 տարվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ջրասուզակն ու փրկարարները դուրս են բերել դին ջրից։ –0–