Հայաստանում դատախազը նիստի ժամանակ հարձակվել է փաստաբանի վրա
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբն ահազանգ է ստացել փաստաբան Գեորգի Մելիքյանից, որ դատախազը վարույթի ժամանակ հարձակվել է փաստաբանի վրա, հաղորդում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջադեպը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում:
«Դատախազ Կ. Ներսիսյանը վրդովվել է փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ և հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դրսում հարցերը պարզաբանելու», - հայտնել է Մելիքյանը հանձնախմբին:
Նշված դեպքի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգողին:
Գլխավոր դատախազությունն առայժմ մեկնաբանություններ չի տվել: -0-

