ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ քննարկվում է ՊՊԾ գնդի տարածք բժիշկներ ուղարկելու հարցը` դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացած զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
«Այնտեղ արդեն կան բժիշկներ։ Ես ոչ մեկին չեմ ասել, որ մենք պատրաստվում ենք ուրիշ բժիշկների ուղարկել», – ասաց Հայթայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Ավելի վաղ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը
հայտնել է, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին։
«Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է, թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց», – նշել է Ավետիսյանը։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր հերթին Facebook սոցցանցի իր էջում
հաղորդել է, որ ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել:
«Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը», – նշել է Ահարոնյանը։–0–