«Բուրգեր Քինգի» պայթյունից տուժած 8–ամյա աղջիկը հաջողությամբ վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգի» պայթյունից տուժած 8–ամյա աղջիկը հաջողությամբ վիրահատվել է, լրագրողներին տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրեն Արա Մինասյանը։
Ապրիլի 2–ին ժամը 20։44–ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում։ Նախնական տվյալներով, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում` երկու երեխա։ Տուժածների թվում է Իրանի երկու և Ռուսաստանի երեք քաղաքացի։ Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է, և նրա ներկա վիճակը համապատասխանում է կատարված վիրահատությանը։ Աղջիկը դեռ երկու շաբաթ կմնա հիվանդանոցում, սակայն բոլոր նախադրյալներն այնպիսին են, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի և առանց հետևանքների նրա առողջության համար», – ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է մնացած տուժածներին, ապա, բժշկի խոսքով, նրանց վիճակը նորմալ է, սակայն նրանք մինչև առավոտ կմնան բժիշկների հսկողության տակ, տուժածներից ոմանք առավոտյան դուրս կգրվեն, մյուսները կփոխեն վիրակապերը և որոշում կընդունվի նրանց դուրսգրման մասին։–0–