«Բուրգեր Քինգի» պայթյունից տուժած 8–ամյա աղջիկը վիրահատվում է

02.04.2018, 23:04
Այսօր երեկոյան Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սրճարանում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ։
«Բուրգեր Քինգի» պայթյունից տուժած 8–ամյա աղջիկը վիրահատվում է

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Այսօր երեկոյան Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սրճարանում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ։

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիթ Հայթանյանը, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

«Աղջկան այս պահին վիրահատում են։ Մյուսների վիճակը գնահատվում է կայուն», – հայտնել է Հայթայանը Facebook–յան իր էջում։

Նրա հաղորդմամբ, տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը` Ռուսաստանի Դաշնության։

«Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», - հավելել է նա:

Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։

«Բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաև բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև բոլոր առաջատար մասնագետները», - նշել է Հայթայանը։-0–