«Բուրգեր Քինգի» պայթյունից ծանր վնասվածքներ ստացած աղջկա կյանքին վտանգ չի սպառնում. բժիշկ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում որոտացած պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, լրագրողներին տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը։
«Տուժածներից շատերի վիճակը միջին ծանրության է և բավարար, մեկ աղջիկ գտնվում է վիրահատարանում։ Վիրահատությունը, որը սկսվել է մոտ մեկուկես ժամ առաջ, շուտով կավարտվի», – ասաց նա։
Բժիշկը նաև տեղեկացրեց, որ աղջիկը ստացել է փափուկ հյուսվածքի վնասվածքներ ազդրի շրջանում։
Կարապետյանը նաև նշեց, որ այսօր ամենայն հավանականությամբ տուժածներից երեքը կամ չորսը դուրս կգրվեն։
Ապրիլի 2–ին ժամը 20։44–ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում։ Նախնական տվյալներով, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում` երկու երեխա։ Տուժածների թվում է Իրանի երկու և Ռուսաստանի երեք քաղաքացի։ Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Ոստիկանությունը բացառում է կանխամտածված պայթյունի վարկածը։–0–