ԱՆ–148–ի կործանման վայրում հայտնաբերվել է օդանավի ինքնագրիչը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Մերձմոսկվայում ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրի զննության արդյունքում փրկարարները, ենթադրաբար, գտել են ինքնաթիռի ինքնագրիչը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Մերձմոսկովայի ԱԻՆ-ի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:
«Որոնողական աշխատանքների 18-րդ հատվածում փրկարարները գտել են ինքնագրիչը: Ներկա պահին աշխատանքներ են տարվում սարքի հաստատման ու նույնականացման համար», - ասել է նա:
Նախօրեին դեպքի վայրում հայտնաբերվել է «սև արկղերից» մեկը։
Պոլետիկինը հայտնել է նաև, որ բեկորների ցրման սահմանները զննելու ու ճշտելու համար օգտագործվում է ինը թրչող սարք:
«Որոնողական աշխատանքների գոտին բաժանվել է 29 հատվածի, ամեն մեկում նշանակված է ավագ աշխատող», - նշել է Պոլետիկինը:
Նրա խոսքով, պատրաստվել է հարթակ ինքնաթիռի բեկորները հավաքելու համար:
«Հիմնական ջանքերը հիմա ուղղված են զոհերի մարմինների ու ինքնաթիռի բեկորների հայտնաբերմանը», - ասել է նա:
«Սարատովի ավիաուղիների» Մոսկվա–Օրսկ չվերթն իրականացնող ԱՆ–148 ինքնաթիռը կործանվել է կիրակի ցերեկը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Օդանավում եղել է 71 մարդ` 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Օդանավում եղել է երկու հայ` երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն ու ուղևոր Վարսիկ Սևոյանը։ Ավիավթարի հետևանքով ոչ ոք չի փրկվել։
Հարուցվել է քրեական գործ թռիչքի անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել անձանց մահվան (ՌԴ ՔՕ 263–րդ հոդվածի 3–րդ մաս)։ Միջադեպի նախնական պատճառներն են եղանակային պայմանները, մարդկային գործոնն ու օդանավի տեխնիկական վիճակը։–0–

