Սարսափելի սպանության հետքերով․ 65 հազ․ դրամի համար մուրճով 4 անգամ հարվածել մորաքրոջ որդու գլխին ու սպանել նրան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քննությամբ հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն, հայտնում են Քննչական կոմիտեից։
2024թ․ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, նա այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:
Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն, վերցրել մուրճը՝ թաքցնելով պարկի մեջ, և խոհանոցային դանակը՝ դնելով գոտկատեղում։ Ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխին և սպանել է նրան:
Ապա վերցված դանակով կտրել է վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Ազգականին սպանելուց հետո տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:
Նրան ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ավազականությունը) ներկայացվել է մեղադրանք։ Անձը կալանավորված է։
Կարդացեք նաև՝ «Օրը ցերեկով կրակել է 59–ամյա տղամարդու որդու մեքենային, հետո՝ 7 անգամ 59–ամյա տղամարդու ուղղությամբ․ վենդետա՝ Արմավիրում (ՖՈՏՈ)»

