Արագածոտնում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 3 երեխա, թունավորմամբ հոսպիտալացվել են

17.02.2025, 12:42
Արտակարգ դեպք՝ Արագածոտնում
Արագածոտնում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 3 երեխա, թունավորմամբ հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 7-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից 3 հոգի անհայտ ծագման թունավորմամբ դիմել են բուժօգնության, իսկ քիչ անց շտապօգնության ավտոմեքենայով նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել ևս 3 հոգի։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացիներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Թ․ Ն․-ն, 11-ամյա Կ․ Ա․-ն, 8-ամյա Լ․ Ա․-ն, 49-ամյա Լ․ Վ․-ն, 5-ամյա Մ․ Ա․-ն և 20-ամյա Ն․ Գ․-ն:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նշված անձիք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղերից մեկում խոհանոցում առկա հեղուկ գազի 5 լ. տարողությամբ տարայից գազի արտահոսքի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։