Ցանկացել է լիցքաթափել 47–ամյա տղամարդու հրացանը ու պատահաբար կրակել է նրա ոտքին․ 47–ամյա տղամարդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.10-ի սահմաններում շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս.-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Ժամը 14․30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է:
Նաև պարզվել է, որ կատարվածը դանակահարություն չէր. ախտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»: Մեկնել են համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի և Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները։
Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մանրամասները։ Մահացածի 50-ամյա համագյուղացին խոստովանել է, որ կեսօրին ցանկացել է լիցքաթափել Էդիկ Ս.-ին պատկանող, ապօրինի պահվող որսորդական հրացանը, ինչի ժամանակ պատահաբար ձեռքը դիպել է ձգանին, և գնդակը դիպել է նրա աջ ոտքին։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: