Ամանորյա տոներին ՀՀ–ում գրանցվել է 40 ՃՏՊ, 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք․ ՆԳՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

03.01.2025, 17:50
Նախորդ 4 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է 40 ՃՏՊ, 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք
Ամանորյա տոներին ՀՀ–ում գրանցվել է 40 ՃՏՊ, 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք․ ՆԳՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը հայտնաբերել են ոչ սթափ վիճակում գտնվող 259 վարորդի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 40 վարորդ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

«Բացի այդ, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 տրանսպորտային միջոց։ Նույն ժամանակահատվածում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 18 դեպք, 1 անձ էլ ձերբակալվել է կաշառք առաջարկելու համար», – նշեց նա։

Սարգսյանը հայտնեց, որ նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 40 ՃՏՊ, 80 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, զոհեր չեն եղել։

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում արձանագրվել է եղանակային տարբեր գործոններով պայմանավորված տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք, բոլոր՝ 16 տրանսպորտային միջոցները դուրս են բերվել արգելափակումից, անվտանգ տարածք է տեղափոխվել 40 մարդ», – ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ արգելափակման դեպքերը գրանցվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերում: