Սպանություն՝ Կոտայքի մարզում․ 36–ամյա տղամարդը վիճել է հարևանի հետ, դանակահարել ու զանգել 911

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում հաշվառված 55-ամյա Արմեն Վ.-ի հետ։ Տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, և այդ ընթացքում 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածել է Արմեն Վ.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։
36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։