Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 34–ամյա վարորդը Maserati–ով բախվել է ծառերին․ կա զոհ ու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Է․Ա․–ն իր վարած «Maserati Levante» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։
Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում դուրս է բերվել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցվել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնութունն են ցուցաբերել նրան, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մահացածին դուրս են բերել ավտոմեքենայից։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։