Գողացել է 32մլն դրամի 800 մետր մետաղե խողովակ, վերամբարձ կռունկով տեղափոխել բեռնատարն ու հեռացել

14.11.2024, 16:14
30–ամյա տղամարդը 5 օրվա ընթացքում գողացել է 32մլն դրամի 800 մետր մետաղե խողովակ
Գողացել է 32մլն դրամի 800 մետր մետաղե խողովակ, վերամբարձ կռունկով տեղափոխել բեռնատարն ու հեռացել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Էրեբունու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, Արարատի մարզի Այնթապ գյուղի Երևանյան խճուղու հարակից կիսակառույց շինության տարածքում գողոնը հայտնաբերել են ամբողջությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: