Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխա և 1 ծնող վայր են ընկել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները սովորում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 116 դպրոցում, և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնում էին Երևան ու Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին հայտնվել են դրսում։
Զանգահարել են «Արարատ» բժշկական կենտրոն, և «Արարատ» բժշկական կենտրոնից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց։ Ավտոբուսը նույնպես մեկնել է հիվանդանոց։
Վիրավորներն «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, ավտոբուսը 36-տեղանոց է, իսկ այդ պահին ավտոբուսում եղել է 32 ուղևոր։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։