ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:
Վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել և քարշակի միջոցով տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–