Ավտովթարի հետևանքով մահացել է Երևանի ամենատարեց տղամարդը․ նա 104 տարեկան էր

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Զովունիում ավտովթարի հետևանքով մահացել է Երևանի ամենատարեց տղամարդը, ով 104 տարեկան էր, հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին։ Ժամը 13:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի բնակավայրի վարչական տարածքում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե և ցանցե պարսպին:
Պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գ․ Կ.-ն, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կ․ Ա.-ն:
Վթարի հետևանքով Գ․ Կ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկանակ կենտրոն, սակայն մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։