Արմավիրում 1մլն 500 հազար դրամի 25 ոչխար են գողացել ու բռնվել, ոչխարներից 2–ը հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
15:57
23 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Փշատավան գյուղի մի անասնագոմից գողացել են 25 գլուխ ոչխար, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մեկնած ոստիկանները ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել անհրաժեշտ արձանագրություններ։ Գողությունը դեկտեմբերի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում էր եղել, տուժողին պատաճառած վնասի չափը մոտ 1 միլիոն 500 հազար դրամի էր։
«Քրեական հետախույզները գյուղում, նաև մոտակա սպանդանոցներում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Որոնողական աշխատանքի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել են Փշատավան և Երասխահուն գյուղերի 21 և 28 տարեկան երկու երիտասարդ։ Նույն օրը կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։
Նրանք տվել են խոստովանական բացատրություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ոչխարներից երկուսը հայտնաբերվել են։ Պարզվել է՝ մի մասին մսի առուվաճառքով զբաղվողներն արդեն մորթել և վաճառել են։ Գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։